Ժամանակն այս - ինչպես
Հին եգիպտական սարկոֆագում փակված
փարավոնի մումիա,-
կարող է արթնանալ ու իրարանցում սարքել,
եթե անսխալ արտասանեն
հմայության խրթին դարձվածքները:-
Բայց ո՞վ է այսպես համառորեն հուշում -
մումիան վաղուց է կանգնած ոտքի՝
իր անսահմանափակ մոլեգնությամբ,
մեծ ու կռվազան թիկնազորով,
թե չէ որտեղի՞ց այսքան զորք ու ամբոխ,
սսկված անցյալ ու մեռյալ ապագա,
որտեղի՞ց այսքան սրբված հայրենիքներ,
պանթեոններ ու լռված հիմներ,-
հրահրում է մումիան մեկտեղ
նոր, բազմակուտակ խճողումներ
խճուղիներին անթվակիր…
19.02.2024
Հրանտ ԼԵՔՍԱՆՅԱՆ